Անգլերեն տարբերակ Ռուսերեն տարբերակ
president.am

Հայաստանի Հանրապետության Նախագահ
 
Նախագահ
Աշխատակազմ
Իրադարձություններ
  Սերժ Սարգսյանի
նախընտրական ծրագիր
Նախընտրական ծրագիր
Առաջին էջ
Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մեր հայացքը պետք է ուղղված լինի դեպի ապագա: Մենք անցել ենք դժվարությունների և փորձությունների ճանապարհ, կուտակել ենք փորձ և գիտելիքներ:
Մենք գիտենք բոլոր այն խնդիրները, որոնք հուզում են Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու: Գիտենք նաև, թե ինչպես է պետք լուծել դրանք:
Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանում վերջնականապես հաղթահարվեն գործազրկությունն ու աղքատությունը, որպեսզի օր առաջ բարելավվի հասարակ մարդու կյանքը, որպեսզի մեր երկիրը դառնա ավելի անվտանգ, որպեսզի մենք ապրենք ուժեղ ժողովրդավարական պետությունում և ունենանք արդար հասարակություն: Մենք կհասնենք այդ ամենին` Ձեր վստահությամբ ու աջակցությամբ:
Թող Աստված տա մեզ իմաստնություն` վերարժեվորելով ձեռք բերվածը, բազմապատկել ազգային ներուժը և նվաճել նոր բարձունքներ:

Հայաստան, որին ձգտում ենք և կհասնենք.

Հայաստանը կբնութագրվի իբրև ուժեղ ժողովրդավարական պետություն` կառավարման արդյունավետ համակարգով, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է, գերակայողը` նրա անօտարելի իրավունքները:
Հասարակական հարաբերությունների զարգացումը կհիմնվի բազմակարծության, անխտրականության, հանդուրժողականության, արդարության ու համերաշխության վրա:
Փոխադարձ հարգանքը, սերը և ներողամտությունը կլինեն մեր կենցաղավարության անբաժան մասը:
Մեր մրցակցային առավելությունը կլինի համայն հայության միացյալ ներուժը:
Մենք կդառնանք մրցակցային միջավայրում գործարարության և ներդրումների համար լավագույն պայմաններ ապահովող երկիր:
Ցանկացած հայ ընտանիքի համար կրթությունը և գիտելիքը կլինեն ամենամեծ պահանջարկ վայելող արժեքները:
Կրթությունը կլինի շարունակական, որակյալ և հասանելի: Գիտելիքն է լինելու հարստանալու հուսալի ճանապարհը:
Ամուր, բազմազավակ, ավանդական հայ ընտանիքը կդառնա օրինաչափություն:
Հայկական ընտանիքների եկամուտներն առնվազն կկրկնապատկվեն:
Ցանկացած նորաստեղծ ընտանիք կունենա բնակարան և ավտոմեքենա ձեռք բերելու հնարավորություն:
Կենսաթոշակային բարեփոխումները կհանգեցնեն նրան, որ քաղաքացու թոշակը կբավարարի արժանապատիվ կյանքով ապրելու համար:
Պետական ծառայությունները կդառնան որակյալ և մրցունակ:
Մենք պատրաստ ենք լինելու հակազդել բոլոր սպառնալիքներին և վտանգներին` համագործակցելով մեր գործընկերների հետ:

Առաջ, Հայաստան: